Այսօրվա դրությամբ հարկ է արձանագրել, որ Հայաստանում թավշյա հեղափոխության իդեալները շարունակում են անկատար մնալ: Մոտ ապագայում դժվար թե այս առումով ինչ-որ զգալի փոփոխություն լինի։
Դրա հետ մեկտեղ մեր քաղաքացիներն ականատես են լինում, թե ինչպես է երկիրն աստիճանաբար գլորվում ներքաղաքական անկայունության անդունդը։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ միջազգային գործընկերներն ավելի ակնհայտ են ցուցադրում իրենց քննադատական վերաբերմունքը։
«ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» կուսակցությունն առաջարկում է «երրորդ ճանապարհը»։ Մենք չենք ցանկանում վերադառնալ հին Հայաստան, բայց միևնույն ժամանակ, մեզ համար անընդունելի է ներկայիս իշխանությունների պոպուլիզմն ու իմիտացիոն հեղափոխական հռետորաբանությունը։
Մենք, ինչպես յուրաքանչյուր սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, պնդում ենք, որ հարուստների ու աղքատների միջև եկամուտների բացը պետք է կրճատել։ Ինչպես նաև անհրաժեշտ է որակյալ բժշկությունն ու կրթությունը հասանելի և մատչելի դարձնել ՀՀ քաղաքացիների համար՝ անկախ վերջիններիս բնակության վայրից: Այս ամենի հետ մեկտեղ աջակողմյան գաղափարախոսությունը մեզ համար ընդունելի է հասարակական արժեքների պաշտպանության և ազգային շահերին միտված արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից։
Ստեղծված իրավիճակում «ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» կուսակցությունն առաջարկում է.
Սոցիալ-տնտեսական ոլորտում.
— ամեն տարի ինդեքսավորել թոշակները, քանի որ բյուջեի եկամտային մասը, ըստ իշխանությունների հայտարարության, անընդհատ աճում է,
— աստիճանաբար ավելացնել աշխատավարձային ֆոնդը բյուջետային ոլորտի բոլոր աշխատողների համար՝ հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների համար պարգևավճարային հիմնադրամի կտրուկ ավելացման փոխարեն,
— հարկային ճկուն քաղաքականության միջոցով նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը,
— «շքեղության հարկ» սահմանել՝ հաշվի առնելով այն քաղաքացիների շահերը, որոնք խոշոր ներդրումներ են կատարում Հայաստանի տնտեսության մեջ և ստեղծում են աշխատատեղեր,
— բանկերի հետ համատեղ ջանքեր գործադրել ֆիզիկական անձանց բանկային վարկերի տոկոսադրույքները նվազեցնելու և «սև ցուցակների» խնդիրը լուծելու համար, որոնցում ներառված են երկրի զգալի թվով քաղաքացիներ,
— թափանցիկ կերպով կապիտալի համաներում նախաձեռնել՝ երկրից դուրս բերված ֆինանսական միջոցները վերադարձնելու նպատակով,
— բիզնեսի և բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ պետության հովանու ներքո ստեղծել endowment հիմնադրամ ՝ տաղանդավոր երիտասարդներին աջակցելու համար,
— ավելացնել մարզերում բժշկական և կրթական հաստատությունների ֆինանսավորումը,
— հանուն Հայաստանի ապագա սերունդների վերջնականապես հրաժարվել Ամուլսարի հանքի շահագործումից ու գնահատել հանքարդյունաբերության ոլորտում նմանատիպ նախագծերի իրականացման բոլոր հնարավոր ռիսկերը,
— ստեղծել անհրաժեշտ բժշկական պարագաների պահուստ՝ համաճարակների ու այլ արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության անվճար մատակարարման համար:
Ներքին քաղաքականության ոլորտում
— Հայաստանը դարձնել հիրավի խորհրդարանական հանրապետություն, որտեղ խորհրդարանը կարտացոլի բնակչության բոլոր շերտերի շահերը, հարթակ կհանդիսանա առանցքային քաղաքական որոշումների կայացման համար,
— ներդնել պրոֆեսիոնալիզմի սկզբունքը պետական առանցքային պաշտոններում նշանակելիս, նվազագույնի հասցնել քաղաքական ազդեցությունը իրավապահ մարմինների վրա,
— հանուն Հայաստանի կայուն զարգացման հրաժարվել «անցումային արդարադատության» և «վեթինգի» հետ վտանգավոր փորձարկումներից:
Արտաքին քաղաքականության ոլորտում
— ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ պոպուլիստական հռետորաբանությունից և համադրել խելամիտ դիվանագիտության ու ռազմական զսպման սկզբունքները,
— հետևողական ու կանխատեսելի քաղաքականություն վարելով՝ վերականգնել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում վստահության մթնոլորտը, որը Հայաստանի համար առանցքային արտաքին քաղաքական գործընկեր է,
— զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս հայ հասարակության ավանդական արժեքների և մեր երկրի ֆինանսական անկախության:
Ապագայի մեր տեսլականն իրականացնելու նպատակով մենք պատրաստ ենք մասնակցել և հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
Ընդ որում, մենք չենք բացառում համագործակցությունն այլ քաղաքական ուժերի հետ, որոնք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցում կիսում են մեր հիմնական մոտեցումները։